Լիկուրգոսյան օրենսդրություն
aznvakan
             
Սպարտայի թագավոր Լիկուրգոսը եղել է Հոմերոսի ժամանակակիցը և ինչպես հաստատում են ոմանք, անձամբ է ծանոթ եղել Հոմերոսին: Լիկուրգոսն իր գործերով հիրավի գերազանցել է երբևէ գոյություն ունեցած հույն օրենսդիրների փառքը, ինչն Արիստոտելին դրդել է նկատել, որ «Սպարտայում արժանվույնս չեն պաշտել Լիկուրգոսին,թեպետ նրա նկատմամբ ցուցաբերվել է մեծագույն հարգանք: Մինչդեռ, ի պատիվ նրա, տաճար են կառուցել և ամեն տարի` աստծուն վայել զոհեր մատուցել»: Ասում են նաև, որ նրա աճյունը հողին հանձնելիս,կայծակը զարկել է դագաղին, որ նման դեպք չի պատահել մեծ մարդկանցից և ոչ մեկի հետ, բացի Եվրիպիդեսից… Լիկուրգոսի ներմուծած բազմաթիվ փոփոխություններից առաջինն ու ամենակարևորը` նրա հիմնած ավագների խորհուրդը` «գերուսիս»-ն է եղել, որը որոշակիորեն սահմանափակում էր թագավորական լիազորությունները, միաժամանակ` կարևորագույն հարցերի լուծման պարագայում ուներ նրան հավասար ձայն: Այդպիսով, Պլատոնի արտահայտությամբ, խորհուրդը թե որպես փրկության խարիսխ էր ծառայում, թե պետությանն ապահովում ներքին խաղաղություն: Մինչ այդ հուսալի հենարան չկար. ուժեղանում էր մերթ թագավորական իշխանությունը` հասնելով բռնապետության, մերթ ժողովրդի իշխանությունը` դեմոկրատիայի ձևով: Ավագների խորհուրդը զբաղեցնում էր միջին դիրք և ասես հավասարակշռում էր դրանք, ապահովելով լիակատար կարգ ու կանոն: Ավագները` թվով քսանութ հոգի, թագավորին էին հարում, երբ հարկավոր էր հակահարված հասցնել ժողովրդական նկրտումներին, մյուս կողմից, անհրաժեշտության դեպքում ( բռնապետության դեմ պայքարում ) աջակցում էր ժողովրդին … Լիկուրգոսի երկրորդ ու ամենախիզախ բարեփոխումը` հողի վերաբաժանումն էր: Վիճակի անհավասարությունն ահավոր էր. մուրացիկների և կարիքավորների զանգվածները սպառնում էին պետությանը, այնինչ հարստությունը կենտրոնացած էր սակավաթիվ մարդկանց ձեռքում: Ձգտելով վերացնել նախանձը, հանցագործությունները, շքեղությունը և պետական մարմնի ամենահին և ամենավտանգավոր երկու հիվանդությունը` ուռճացումն ու աղքատությունը, նա կարողացել է համաքաղաքացիներին համոզել` ի շահ պետության հրաժարվել հողատիրությունից, կատարել նոր բաժանում և միասնաբար ապրել հավասար պայմաններում այնպես, որ ոչ մեկը մյուսից բարձր չլինի, և դափնիները բաժանելիս նկատի ունենա միայն բարոյական հատկանիշները… Ընդհանրապես,անհավասարությունն ու անհամաչափությունը վերացնելու մղումով, նա ձգտել է չեզոքացնել շարժական գույքը, սակայն, նկատի առնելով, որ սեփականատիրոջ համար ծանր կլինի ունեցվածքից ուղղակի զրկվելը, գնացել է զարտուղիներով և կարողացել` կարգադրություններով խաբել շահասեր մարդկանց: Առաջին հերթին նա շրջանառությունից հանել է ոսկե ու արծաթե բոլոր դրամները` հրամայելով օգտագործել միայն երկաթից հատվածը, որը, սակայն, նվազ արժեքով հանդերձ այնքան ծանր էր ու զանգվածեղ, որ …հարկավոր էր մեծ գանձարան պատրաստել ու դրամը տուն փոխադրել սայլով: Շնորհիվ դրա Լակոնիայում վերացել են բազմաթիվ հանցագործություններ. Ում մտքով կանցներ գողանալ, կաշառք վերցնել, ուրիշից փող պոկել կամ նրան թալանել,երբ անհնար էր ծածուկ պահել ավարը,որն առանց այդ էլ աննախանձելի բան էր, իսկ կտորտանքների ձևով` բոլորովին անպետք: Լիկուրգոսի հրամանով շիկացած երկաթը մտցրել են քացախի մեջ, ինչի հետևանքով այն զրկվել է պնդությունից և դարձել միանգամայն անօգտագործելի…Ճոխությունն առավել սահմանափակելու և շահասիրությանը վերջ տալու նպատակով,Լիկուրգոսը սահմանել է երրորդ` բոլոր առումներով հրաշալի` համատեղ սնվելու օրենքը: Ըստ այդմ, քաղաքացիները հավաքվել են ընդհանուր սեղանների շուրջ և կերել օրենքով սահմանված մսեղեն ճաշատեսակներն ու թխվածքները: Նրանք իրավունք չեն ունեցել ճաշել տանը` բազմած սեփական շքեղ գահույքին, լի սեղանների շուրջ… Մի խոսքով` չի թույլատրվել ի ցույց դնել սեփական թանկարժեք սպասքի բազմազանությունը և գոռոզանալ դրանցով: Ահա ինչու ողջ աշխարհում միայն Սպարտայում էր հաստատում գտել այն դարձվածը, թե «Հարստության աստվածը կույր է, պառկած անկյանք ու անշարժ` ինչպես նկարում»: Դաստիարակությունը համարելով օրենսդիրի բարձրագույն ու ամենից կարևոր խնդիրը` նա իր ձգտումների իրագործումն սկսել է հեռվից և առաջին հերթին ուշադրությունը բևեռել ամուսնությանն ու մանկածնությանը: Արիստոտելը սխալվում է` ասելով, թե նա կամեցել է խելամտորեն դաստիարակել նաև կանանց, սակայն հրաժարվել է այդ մտքից`գտնելով,որ անհնար է պայքարել կանանց ծայրահեղ ուժեղ կամքի և ամուսինների նկատմամբ նրանց բանեցրած իշխանամտության դեմ: Հաճախակի արշավանքների բերմամբ տղամարդկանց վիճակված էր կանանց թողնել ամբողջ տունն ու կայքը, դրանով իսկ հնազանդվել` անցնելով բոլոր չափերն ու նրանց անգամ «տիրուհի» հորջորջել: Սակայն Լիկուրգոսը անհրաժեշտ ուշադրություն է դարձրել նաև կանանց սեռին: Մարմինը կոփելու համար աղջիկները պարտավոր էին վազել, ըմբշամարտել, սկավառակ ու նիզակ նետել, որպեսզի ապագա երեխաները սաղմնավորման պահից իսկ ամրակազմ լինեն: Երեխան չի տնօրինվել հոր կամքով: Նրան տանում էին քաղաքի ավագների հավաքատեղին, ուր զննում էին երեխային, և,եթե պարզվում էր,որ նա ամուր է ու առողջ, հանձնում էին հոր հոգածությանը`վերջինիս հատկացնելով համապատասխան հողամաս: Իսկ թույլ ու հաշմ մանուկներին նետում էին անդունդ: Նրանց ընկալմամբ, նորածնի կյանքն անօգտակար է և իրեն, և պետությանը,եթե նա լույս աշխարհ է եկել տկար ու վտիտ: Նորածնի առողջության վերաբերյալ վճիռ կայացնելու համար նրան լողացնում էին ոչ թե ջրի,այլ գինու մեջ… Ասում են` ընկնավոր և ընդհանրապես հիվանդ երեխաները թունդ գինուց մեռնում են, իսկ առողջները դառնում են ավելի ամրապինդ և ուժեղ: Դայակները նրանց հետևում էին ամենայն ուշադրությամբ և հրաշալի գիտեին իրենց գործը: Նրանք չին բարուրում նորածիններին: Լիովին անկաշկանդ թողնելով մարմինը, երեխաներին վարժեցնում էին սակավապետության, մութից ու մենակությունից չվախենալուն… 13 տարեկանը բոլորած ամենաարժանավոր պատանիների կյանքում հայտնվում էին` այսպես կոչված «երկրպագուները», ովքեր դիտվում էին երիտասարդ սպարտացիների հայրեր, ուսուցիչներ, խրատատուներ, ովքեր իրենցն էին համարում նաև նրանց և պատիվը, և ամոթը… Լիկուրգոսը ավագների խորհրդի անդամ էր նշանակում նրանց, ովքեր մասնակից էին դառնում իր ձեռնարկումներին: Իսկ հետագայում կարգադրել է նրանցից մեկն ու մեկի մահվան դեպքում փոխարենն ընտրել հարգանք վայելող վաթսունն անց որևէ քաղաքացու: Այդ միջոցին էլ երկրում սկսվել մեծագույն մարդկանց մրցությունը, ուր յուրաքանչյուր ոք պայքարում էր մինչև վերջին ուժերը: Խնդիրն այն չէր միայն, որ հռչակվեր արագավազներից ամենաարագավազը, ուժեղներից`ուժեղագույնը, այլ այն, որ լավերից ու խելացիներից ընտրվեին լավագույններն ու իմաստունները: Բարոյական առավելությունների համար հաղթողն արժանանում էր, եթե կարելի է այսպես ասել, կյանքի ու մահվան, պատվի ու արժանապատվության, առավել սեղմ` առաջնային ամեն բանի նկատմամբ պետական իրավունք կիրառելու բարձրագույն պատվին: Ընտրություններն անցնում էին հետևյալ ձևով: Հենց ժողովուրդը հավաքվում էր, ընտրության կազմակերպիչները փակվում էին մոտակա տներից մեկում, որտեղից չէին կարող ոչինչ տեսնել և նրանց էլ տեսնելու իրավունք ոչ ոք չուներ: Նրանց էին հասնում միայն հավաքյալների բացականչությունները: Ինչպես նման բոլոր դեպքերում, քվեները հաշվվում էին բացականչություններով: Ընտրողներն ի տես էին ելնում առանձին-առանձին` վիճակահանությամբ, և լռելյայն անցնում մարդկանց բաժանող միջանցքով: Փակ սենյակում նստածներն ունեին համապատասխան գրատախտակներ, որոնց վրա նշագրվում էր բացականչությունների ուժգնությունը` ամենևին իրազեկ չլինելով, թե ում են վերաբերում դրանք: Նրանց կոչումն էր` գրանցել, թե ինչպես են դիմավորել առաջինին, երկրորդին և այդպես շարունակ: Ընտրված էր համարվում նա, ում օգտին գոչել էին ավելի երկար ու բարձր: Պսակը գլխին դնելով հաղթողին տաճար էին տանում ամբոխի միջով` ոչ միայն փառաբանող երիտասարդների, այլև նման կյանքը երջանիկ համարող կանանց ուղեկցությամբ…
Երբ Լիկուրգոսի կարևոր օրենքներն այլևս արմատավորվել էին քաղաքացիների կյանքում, երբ պետությունը բավական կայունացել ու ուժեղացել էր, նա աստծո նման, որ Պլատոնի արտահայտությամբ բերկրանքով էր դիտում իր ստեղծած աշխարհի առաջին շարժերը, հրճվում ու կախարդված էր իր ոգեկոչ օրենքների գեղեցկությամբ ու վեհությամբ… բոլոր քաղաքացիներին հրավիրել է ժողովրդական ժողովի և հայտարարել,որ պետական տվյալ կառուցվածքը բոլոր առումներով հասցված է կատարելության և կարող է ծառայել իրենց քաղաքի երջանկությանն ու փառքին
ԱՊՐԻԼ 27, 2007
www.hra.am

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
aznvakan
12 Մայիս [07:05] ,,Հրապարակ,, օրաթերթ

Արթուր Ազարյանը՝ հրապարակախոս, լրագրող, երկու թերթերի խմբագիր, որոնք երկուսն էլ այսօր չկան, բայց հիշվում են՝ "Նորաթերթ" ու "Ժամանակի ուղեկից", այժմ "Երկիր մեդիա" հեռուստատեսության տարբեր նախագծերում է զբաղված՝ որպես պրոդյուսեր, հեղինակ, սցենարիստ: Երբ սկսում է խոսել, չես էլ նկատում, թե ինչպես օրը մթնեց: Թեմաները բազմազան են, բայց զրույցը ոնց պտտվում՝ գալիս-դեմ է առնում նույն փոսին: Սկզբում դա մի սովորական ճանապարհային փոս է՝ Լինսի հիմնադրամի լափած-թողած: Ապա դառնում է համահայկական բանաձեւ, ցավերի բանալի: Փոսը Արթուր Ազարյանի "նոու հաուն է": Նրան քիչ եմ ընդհատում: Միայն երբ հռհռում են ինչ-որ տղաներ՝ կողքի սեղանից, օգնում եմ վերագտնել մտքի թելը:
- Օրինակ, եթե հերթական անգամ Լինսի հիմնադրամը մրցույթ հայտարարի, ես մի հրապարակմամբ հանդես կգամ ու կասեմ, որ դեմ եմ Լինսի հիմնադրամի միջոցները հայ փինաչիներին տալուն: Պետք է դրանք առաջարկել, օրինակ, իտալացի ճանապարհաշինարարներին, որոնք 15 տարով կփակեին այդ թեման: Հենց հիմա գնացեք Սեւանի մայրուղի ու կտեսնեք, որ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգված միջպետական ճանապարհին` փոսը փոսի վրա է: Ինչո՞ւ պատասխանատվության չեն կանչում այն ԾԻԳ-ին, որն իրականացրել է շինարարությունը: Ինչո՞ւ ստացածի տասնապատիկ չափով չեն տուգանում, որպեսզի հաջորդ մրցույթի մասնակիցն ականջին օղ անի, իմանա, որ սա ընդամենը լափելու տեղ չէ:
- Փոսը ձեռ է տալիս նաեւ հասարակ մարդկանց:
- Հայ ժողովուրդը, երկար ժամանակ փոսում ապրելով, դրանից դուրս գալու և բուժման ճարը տեսնելու փոխարեն հարմար դիրք է գրավում, համարելով, որ ցավն այդպես ավելի մեղմ է: Չգիտակցելով անգամ, որ մարդը, ով ցավ ունի, պետք է դիմի բժշկի: Որքան էլ դառը լինի ճշմարտությունը, նա պետք է ականջալուր լինի, որ բուժվել կարողանա: Իսկ մենք մշտապես միայն հետեւանքն ենք փորձում հաղթահարել` պատճառների մեջ խորամուխ լինելու փոխարեն:
- Հասարակ մարդն իր մեղքը չի տեսնում թալանի համար: Մտածում է՝ ահա կգա առաջնորդը, քաղաքական գործիչը, ուղղորդողը եւ կլուծի իր հարցերը:
- Շան գլուխը հենց այդտեղ է թաղված: Մենք փրկվել չենք սիրում, փրկիչ ենք ուզում: Ով ուզում է փրկվել, տքնաջանորեն ելքեր է փնտրում: Իսկ մեզ համար ընդունելին`ծամած կերակուրն է: Մենք հարիսա ենք սիրում, ու` վերջ: Էդտեղ դժվարություն չկա, ծնոտները բանեցնելու անհրաժեշտություն չկա: Ամեն ինչ պարզ է, մարսողությունը՝ հեշտ: Քո փոխարեն մտածում են, որոշում են: Մենք սիրում ենք մեր անցյալը, որովհետեւ այնտեղ անելու բան չկա, անցյալը հայերիս համար հենց խոսելու, և ոչ երբեք` եզրահանգումների գալու համար է: Անցյալում պայքար չկա: Անելիք չկա: Դու դատավորի կերպարով կարող ես նստել ու փիլիսոփայել: Ես չեմ ուզում քննարկել հայրենիք, հայրենասիրություն՝ էս կարգի ճռճռան բաներ: Խոսքը պետականության մասին է, որը ունենալու դեպքում` որդուդ հետ հպարտորեն կկանգնես քո դրոշի ներքո ու կերգես, ինչպես ամերիկացին է անում: Նույն ամերիկացին մեզանից հայրենասեր չի: Ուղղակի նա հպարտանում է իր պետությամբ, որն աջակից է իրեն:
- Դու ապրել ես այնտեղ ու վերադարձել ես: Գալուց ի՞նչ զգացողություն ունեիր:
- Ինչ էլ ասելու լինեն` Հայաստանը հետաքրքիր տարածք է: Բավական է ինքնաթիռը մոտենա "Զվարթնոց" օդանավակայանին, բավական է տեսնես քեզ բոլորող մաքսավորներին` միանգամից հասկանում ես, որ դրսի կյանքն այստեղ ամենևին էլ կիրառելի չէ: Ես մաքսավորներին` Ամերիկայից եկած նոր որս տեսած անհաշիվ ցիների ու բորենիների ոհմակի նմանեցրի: Նույն ամերիկացին տեղում հետ կվերադառնար: Բայց ես եկել էի: Իմ մարմինը պետք է նորից սովորեցնեի էս հողին: Էսպես լինում է բոլորի հետ: Ովքեր երկար ապրել են արտասահմանում, ենթարկվել են էդ տան օրենքներին, կարգուկանոն գիտեն՝ ճանապարհը ճիշտ տեղից հատել, հասարակական միջավայրում չհռհռալ, վայրագ բացականչություններ չանել, չթքել, բայց էստեղ կարելի է ամեն ինչ: Մարդը, ում նույնիսկ ԲՇՏ-ի պետ նշանակելիս երկար կմտմտայիր, էսօր հավակնում է դառնալ ...երկրի նախագահ:
- Իրավունք ունեն երեւի:
- Ամեն ինչ օրինաչափ է: Մտավորականին քշել են: Նրան ծանակում են պես-պես հեռուստաալիքներով: Ես դա համարում եմ տոտալ դիվերսիա: "Վերվարածներում" երաժիշտը ողորմելի կերպարով է ներկայանում, մեկ այլ սերիալում` գրողն է ողորմելի: Էսօրվա հերոսն է կերտվում՝ Վիպոյանները, Հովոն, կրիմինալ աշխարհը: Հիմա վերադառնանք Ամերիկային: Մարդիկ, ովքեր գլոբուսի վրա են տեսել այդ երկիրը, տուրք տալով սովետական մոտեցմանը, քննադատում են այն: Ես նրանց ասում եմ՝ Ամերիկան խտացած քրտինք է` իր լայնքով ու երկայնքով: Էնտեղ ժանգոտ մեխ, խանդակներ չեք տեսնի, կցակարկատանների չեք հանդիպի, փոս ասածը չեք նկատի, տձեւ տուն չեք գտնի: Իսկ Հայաստանը գերբեռնված է տձեւ տներով: Էս ամբողջ ավերմունքի հիմնապատճառը գնալով բյուրեղացող, գնալով կատարելագործվող հայ փինաչին է: Գաղթական,սովալլուկ հայի համար փինաչիությունն ինչ-որ տեղ փրկօղակ էր, բայց էդ նույն սկզբունքը հայրենիքում ցայսօր կիրառելը,կներեք, դավաճանություն է: Եթե մի մարդ ինչ-որ ոլորտից չի հասկանում, էդ ոլորտն իրեն վստահում են, ու ինքը չի հրաժարվում, ինքը դավաճան է: Եթե ոսուցիչը չի կարողանում տառաճանաչ սերունդ մեծացնել ու չի հրաժարվում այդ գործից, ինքը դավաճան է:
- Շատերը ասածդ չեն ընդունի:
- Ուրեմն, մեզ ազգովի պետք է մսուր-մանկապարտեզ ուղարկել` տարրական պատվիրաններ սովորելու. չի կարելի ստել, չի կարելի մերձավորին խաբել, չի կարելի հայր կոչվել եւ ընտանիքիդ սովի մատնել, չի կարելի հայր լինելով, սիրած որդիներ ունենալ ու մյուսներին խորտակել: Ուրեմն` դու հայր չես: Չի կարելի զորք ունենալ ու դեմից չգնալ: Ուրեմն` դու թագավոր չես: Չի կարելի անձնական օրինակով չվարակել ազգին:
- Ասացիր, որ "Զվարթնոցում" ցին-մաքսավորներ տեսար, իսկ Ամերիկայում ի՞նչ տեսար:
- Բոստոնում, ես չեմ ամաչում այդ մասին պատմել, մի քանի օր ռեստորանում աման լվացող աշխատեցի: Իրականում դա աման լվալ չի՝ դա առաջին փորձաշրջանն է, որ հասկանան,թե ինչ տիպի մարդու հետ գործ ունեն: Մաքրակենցաղ է, թե ոչ, մաքուր է ձեռքից, թե` ոչ: Մի քանի օր հետո գնացել եմ ուրիշ աշխատանքի: Իմ անմիջական ղեկավարը եղել է ջամայկացի: Էդ ժամանակ, երբ ես ԱՄՆ-ում էի, իբրեւ հայ՝ որոշակի ամբիցիաներ ունեի: Սկզբում մտածում էի. "Ե՜ս՝ լրագրողս, եկե՜լ եմ, յանկիների համար աման եմ լվանում": Բայց դա շատ կարճ տեւեց: Ամերիկան ֆանտաստիկ ուսուցիչ է էդ առումով: Նախ, քո պոզերն է ջարդում, "ականազերծում" է քո ներսում ամբարված հավակնությունները, որովհետեւ նա քեզ չի հրավիրել: Դու ունես քո տունը, որը եթե ավելի լավն է, պետք է որ էնդեղ ապրեիր: Երբ Ամերիկան քեզ մի լավ "ծեծում" է` քեզ շեֆ կարգելով սեւի, դու՝ 5-հազարամյա հայդ, ինչ-որ բան պետք է հասկանաս: Կամ ճամպրուկներդ վերցնես՝ գնաս քո Մուշ ու Սասուն, կամ պետք է էդ տան օրենքներին վարժվես, հարգես այդ օրենքները: Ամերիկան ծեծում է, ու նույն ծեծվածին սկսում բարձրացնել, բայց միանգամայն այլ որակով: Դու ուսումնառության լուրջ փուլ ես անցնում: Ինքը սպանում է ժպիտով: Հեռացնում է աշխատանքից ժպիտով:
- Մի քանի երկրներում արդեն հասարակական դժգոհություններ են կուտակվել՝ Ղրղզստանում, Վրաստանում, Հունաստանում: Եւ բոլոր տեղերում պատճառը կոռուպցիան է: Հայաստանում կա՞ արդարության փնտրտուք, հնարավո՞ր են ավելի բուռն քաղաքական զարգացումներ:
- Հայաստանում ես շատ կուզեի, որ բունտ լիներ: Չնայած մի անգամ եղավ եւ ամենավայրագ բանը  կատարվեց՝ նորելուկ քաղաքացուն խեղդեցին օրորոցում: Դա պատմական իրադարձություն էր՝ պետականության կերտման իմաստով: Իմ կարծիքով, մենք արժանի չեղանք այդ օրվա ճշմարիտ էներգետիկ դաշտին՝ ոչ մեկն արժանի չեղավ: Վանոն կասեր` ,,Ափսոս էր երեխան..,,:. Հայ տեսակի մեծամասնությունը սիրում է, որ ուրիշը ծեծ ուտի, ինքը լավ ապրի: Ինքը կարծում է, որ էդ ուղտը իր դռանը չի չոքելու: Ինչքա՞ն պետք է դու հավկուրությամբ տառապես, որ էդպես մտածես: Հայերի մեծ մասի համար հայրենիքը իր մի քանի քառակուսի ընդգրկող բնակտարածքն է ու ոչ ավելին: Նույն շքամուտքն արդեն իր հայրենիքը չէ: Օտարի հող է: Մի քիչ էն կողմ արդեն` ալաններն են ապրում, թուրքերն են ապրում՝ կողքի շենքում:
- Նորածինը մարտի մեկից հետո մահացավ եւ ոչ մի կենդանության նշաններ ցույց չի՞ տալիս:
- Տալու է, բայց ընդգրկման առումով էլի էդ նույն շրջանակն է դեռևս բլթբլթում: Էդ բլթբլթոցը բերելու է որակական նոր նիշի՝ առաջնորդ է փոխվելու: Էս խաղը որքան էլ խելամիտ լինի, հորդորները` իմաստուն, խմորն ուշ է հասունանալու, իսկ էդ ուշ հասունացած խմորից չեմ կարծում, թե լավ գաթա կստացվի:
- Քո լավ ընկեր Տիգրան Հայրապետյանը սիրում էր կրկնել՝ "Մենք դատապարտված ենք ժողովրդավարության: Եթե անգամ ժողովրդավար չդառնանք, մեզ կստիպեն դառնալ":
- Միանշանակ այդպես է: Պատկերացնենք, շուրջ բոլորը քաղաքակիրթ երկրներ են՝ շնչող գոյությամբ, մաքրամաքուր տարածքներով, ու կողքը գոյում է 5-հազարամյա հնության մի փոս, որում ,,անթեղված,, ճահճից գարշահոտ է բուրում: Այս դեպքում ճահիճը չորացնելուց, կամ էլ այն որպես հումուս օգտագործելուց զատ այլ բան չի մնում...Ամենևին չեմ բացառում, որ էստեղով եվրասիական մայրուղի անցնի: Ես չեմ բացառում նման վերաբերմունք մեր ապագայի հանդեպ: Մեզ թվում է, թե մեզ չեն նկատում, թե մենք կարող ենք հերթական անգամ մանեւրել եւ դուրս գալ այս վիճակից: Բայց մարդիկ, որոնք մեզ դասախոսություններ են կարդում հեռուստացույցով եւ թերթերով, ըստ իս, հայտնվելու են հայտնի հեքիաթի  ստախոսի դերում: Երբ իսկապես տանը հրդեհ բռնկվի եւ փրկվելու համար իսկապես օգնություն պետք լինի, քեզ էլ չեն հավատա: Դրա համար անհատներով է որոշվելու մեր ազգի ճակատագիրը: Անհատների տղամարդկային դիրքորոշման եւ քաղաքացիական արիության հաշվին:

Հարցազրույց 7 օրում
aznvakan
Հարցազրույց լրագրող Արթուր Ազարյանի հետ

-Իշխանություններն ասում են, որ, օրինակ, տնտեսական ճգնաժամն ավարտվել է։ Իսկ, օրինակ, ըստ Ձեզ, 2008թ. ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարվե՞լ է, թե՞ ոչ։

-Իշխանությունները հենց ասելու համար են: Անհամեմատ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրների պետական այրերն անգամ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ «կտրուկ» հայտարարություններ չեն անում: Չեն անում' իրավիճակի սթափ գնահատման ու դրանից անցավ դուրս գալու մտահոգությունից դրդված: Մեզ մոտ հակառակն է, ով ասես, ինչ ասես կարող է խոսել' սրտի ուզածի չափ բարբաջել'դրա համար պատասխանատվության չկանչվելու, տգետ չորակվելու հստակ գիտակցման պատճառով: Ցույց տվեք մի բան, մեկ ոլորտ' որտեղ նկատելի դրական տեղաշարժ արձանագրված լինի, որտեղ «բարենորոգման շունչը» հասած լինի: Նույն ճահիճն է ու նույն «կռկռոցը»։ Ամերիկացի տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանը, ասես մեր կառավարության ճշգրիտ նկարագիրը տված լինի, երբ ասում է. «Կառավարության կողմից ընդունված ուզած որոշում, որպես կանոն, առկա խնդրից ավելի ծանր է լինում: Հայկական շնաձկների մասին ՀՀ վարչապետը շշուկով է խոսում: Փոքր ու միջին բիզնեսը գլխատված է, հարկային տեռորը շատ է մերձեցել «իդեալական» որակմանը: Ճամպրուկավորների թվաքանակը աճում է երկրաչափական պրոգրեսիայով: 2008-ից շարունակվող քաղաքական ճգնաժամը «բյուրեղանում» է: Բարիկադային կրակահերթերը' ընդամենը ներքին սպասարկման խնդիրներ են լուծում ու ոչ ավելին: Իսկապես մտածող տեսակը' տոտալ դավաճանության պատճառով հայտնվել է «Աստծո մենակի» դերում: Այնպես որ, մեր պատմության տխուր ընթացքը' մերօրյա իրադարձությունների ֆոնին ավելի ընկալելի է դառնում: Ցավալիորեն ընկալելի...

-1994թ. ղարաբաղյան հաղթանակից հետո մենք մեծ հաշվով հետընթաց ենք ապրում բոլոր ոլորտներում։ Հաղթանակին տիրություն չարեցինք։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

-Ուզած հաղթանակ' նախ պետք է հոգու հաղթանակ լինի: Ինչ արժե հողը, եթե նրա վրա բնակիչ չկա: Ում է պետք անտերունչ տունը...Արցախյան ազատամարտը ժամանակին բազում սրտեր վառեց, հայի ցավի դարման ընկալվեց: Հանուն արժանապատիվ ապագայի հազարավոր լուսավոր մարդիկ նահատակվեցին: Նրանք եթե իմանային,որ միայն հող են ազատագրում, որ դա հետո ելակետային շեմ ու վեհ գաղափարի չի վերաճելու, միս ու արյուն չի առնելու, անասելի կտրտմեին: Նրանք լույսի համար վառվեցին: Իսկ այդ լույսը չկա ու չկա: Չկա, ու դեռ երկար ժամանակ էլ չի լինի' ժամիշխանների անհագության ու տգիտության պատճառով: Վերջիններիս' տիրոջ իրավունքի արժանի չլինելու, թե՞ չհավատալու պատճառով: Հարցնում եք ինչով էր պայմանավորվա՞ծ: Սովով: Հանգամանքների բերումով այսօր լծակների տեր են դարձել մերօրյա Շարաները' իրենց անտակ ստամոքսներով: Մարդիկ, ում համար սպիտակ ռնգեղջյուրի թոքի համտեսումն ավելին արժե, քան նույն այդ գումարով կրթության կարոտ ունակ պատանին' արժանապատիվ երկրի ապագա երաշխավորը...Հայաստանում ուրիշ, գիշատչին բնորոշ տրամաբանություն է գործում: Ակամա մտաբերեցի ֆրանսիացի բանաստեղծ Ժյուլ Լաֆորգի «Փոքրիկ,անհավակնոտ աղոթք» բանաստեղծության'

«Եվ թող, որ մեռյալներս, երկրում այս լավագույն,
Խժռենք մեր անկյունում, շնանանք ու խնդանք...

Խժռենք մեր անկյունում, շնանանք ու խնդանք... »

մեր օրերին խիստ պատշաճող տողերը:

-Այս բոլորը խոսում է նոր ուժի պահանջարկի մասին։ Այսօր կա՞ այդ պահանջարկը, թե՞ ոչ։

-Ոչ թե նոր ուժի, այլ գիտակից մարդկանց իրար գտնելու, ճահճից միասնաբար դուրս գալու անհրաժեշտություն է առաջացել: Քաղաքացիական դաշինքի ես կասեի: Ինչ էլ ասեն մեր վերջին նախագահների մասին, նրանց մատուցած ծառայությունն անգնահատելի է' «Ով' ով է» թեսթի լրացման իմաստով: Հայաստանում գործող բոլոր կուսակցությունները հենց նրանց դրդմամբ հանրությանը ներկայացան իրենց «ներքին հմայքով»...Հայաստանում ներկա դրությամբ քաղաքական դաշտն իսպառ բացակայում է' «Ինչպիսի Հայաստան ենք ցանկանում ունենալ» անկետային հարցին հստակ պատասխան չունենալու պատճառով: Այլ կերպ' «նկարագրությունների» ոսկե դարաշրջանը ավանդել է հոգին, եկել է փաստարկված մտքի, համոզչության արվեստի ժամանակը: Սա բոլոր կուսակցությունների համար լրջագույն խնդիր է: Նախընտրական վերացական խոստումներին այս անգամ լրջորեն սպառնում է «Ջի-Էմ -Զեթանալու» վտանգը: Սա' իբրև «հումանիտար օգնություն» նույն այդ կուսակցությունների ներկայացուցիչներին...Վերարտադրության ներքին ռեսուրսներն էլ են սպառման եզրին, ծանոթ առնետավազքն էլ դեռ թափ չի առել...տեսադաշտում հարմար նավ չգտնելու պատճառով...

-Ի՞նչ եք կարծում՝ գալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում որակական նոր փոփոխություն կմտցնե՞ն։ ԱԺ-ն գնալով որակազրկվում է։ Այդ իրավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ։

-ԱԺ հարցով ժամանակն է որ զբաղվի Ստանդարտացման և չափագիտության ինստիտուտը: Այս առումով թույլ տվեք լռեմ, խոսում են եղած բաների մասին: Իսկ որակական նոր շեմի ակնկալիք կարելի է ունենալ միմիայն մի դեպքում, երբ հստակորեն կտարանջատվեն իշխանության երեք' օրենսդիր, գործադիր և դատական թևերը: Որակական նոր շեմի ակնկալիք կարելի է ունենալ, եթե գործարարը նաև պատգամավոր չլինի, եթե նույն այդ մագնատը պատգամավոր լինելուց զատ նաև բազմապիսի այլ ոլորտների տեր չլինի, եթե նույն այդ գործարար, բազմապիսի այլ ոլորտների տեր պատգամավորը նաև հոգով կոմսոմոլ չլինի... Իսկ որ ապագան թակում է դուռը' փաստ է...Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն է Հայաստանի լինելիության միակ երաշխավորը... Թեպետ, ով գիտե, գուցե իրենց «աստեղային» ժամին սպասող օդ վաճառողների «ինստիտուտն» էլ է արդեն կայացել... Ինչպես ասում են' «Սա' Հայաստանն է, այստեղ դու տանն ես...»։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը
 

ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄՈՒԿԻ ՉԱՓ ԽԵԼՔ
aznvakan
Լրագիր  22/04/2010

Արթուր Ազարյան. հրապարակախոս, Երկիր մեդիա հեռուստաընկերության Հրապարակ հաղորդաշարի հեղինակ

Պարոն Ազարյան, մեր շարքի մասնակիցները համարում են, որ անորոշության փուլում ենք կամ հաջորդ քայլի: Ըստ Ձեզ, ի՞նչ փուլում ենք:

Գուցեև տարօրինակ հնչի, բայց մեզ մոտ դեռ ընտրության փուլն է շարունակվում: Հասարակական-քաղաքական զարգացումները մոտենում են հասարակածին, այլ կերպ` մենք մոտենում ենք հանգուցային մի կետի, երբ պետք է մեկընդմիշտ որոշենք, թե որն է Հայաստանի զարգացման երկարաժամկետ ճանապարհը: Մոտենում ենք մի կետի, որից հետո արդեն պարզ կդառնա, թե Հայաստանի ապագան ինչպիսի՞ն կլինի, ո՞ր արժեհամակարգին կտրվի հայաստանաբնակների նախապատվությունը:
Ի վերջո` մենք արևելյա՞ն, թե արևմտյան տիպի երկրում ենք ցանկանում ապրել: Դատելով շրջապատում ունեցած իմ շփումներից, առավել նախապատվելին` ազատ, քաղաքակիրթ, իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող երկրում ապրելն է: Մերօրյա Հայաստանն, ավաղ, շարունակում է տեղապտույտը` արևելյան մոդելին տրված առաջնայնության վկայություն` “բեյական” համակարգի պատճառով: Համակարգ, որն ամեն գնով պահելու ջանքերը վերաճել են վայրագ դիմակայության` ամենայն նորի հանդեպ: Այսօրինակ համակարգի հավերժացման մոլուցքը, հավատացեք, ապագա չունի: Նշածս համակարգի «ճարտարապետների» ինքնավստահությունը, զարգացումներով պայմանավորված` տեղատվություն է ունենալու, անհնարին ու անիրական համարվող փոփոխություններն ամենևին էլ յոթ սարի ետևում չեն: Այլընտրանք չկա:

Ի՞նչն է Ձեզ առիթ տալիս մտածելու, որ մենք մոտենում ենք հասարակածին:

Գնալով ակտիվացող հասարակական տրամադրությունները: Հետաքրքիր մի բան է կատարվում: Ամենաիներտ մարդիկ անգամ իրենց մաշկի վրա սկսել են զգալ ճահճացման վտանգը, նրանք կարոտ են փոփոխության: Այլ հարց է, որ նրանք չեն տիրապետում այն մեխանիզմներին, գործիքներին, որով կարելի է հասնել այդ նպատակի իրականացմանը, բայց փոփոխությունների հասունացած պահանջն, ըստ իս, արդեն իսկ առաջին քայլն է, քայլ, որն էլ դառնալու է ազատ ու արդար ապագայի անկյունաքարը:

Բայց փոփոխություն ուզենալը մեկ բան է, դրան պատրաստ լինելը` մեկ այլ: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունը:


Հայկական հիվանդության ամենաբնորոշ դրսևորումը հարմարվողականությունն է: Հայ հասարակության մի ստվար մաս` «գյուղ մտնելու ու այդ գյուղի գդակը դնելու» «մետր» է դարձել: Պարզվում է, սակայն, որ գոյատևման այդ որակն էլ երաշխիք հանդիսանալ չի կարող, այն ունակ չէ փրկօղակի դեր կատարել: Ընդհակառակը, որքան հարմարվում են, այնքան ավելի ակնառու է դառնում ուտիճի ապագան, ինչն արդեն իսկ վիրավորական է: Դրա համար էլ վերջին ջանքերի գնով անգամ` մարդիկ փորձելու են մարդ մնալ: Եթե հիշողությունս չի դավաճանում` գրող, հրապարակախոս Արկադի Դավիդովիչին է վերագրվում` «Կեսա'ր, հրահանգիր, և ես Բրուտոս կդառնամ …» դառն ու դաժան, բայց միաժամանակ տարողունակ ձևակերպումը: Որքան էլ ցավալի լինի, այնուամենայնիվ, գնալով ավելի ակնառու է դառնում, որ մենք ապրում ենք առավելապես բրուտոսներով համալրվող հասարակարգում: Սկզբունքների, դավանանքի, սերունդների ապագայի ուրացման և` «Որտեղ հաց` էնտեղ կաց» «իմաստնության» արմատավորման ժամանակներում:

Հետաքրքիրն այն է, որ մարդիկ, ովքեր նպաստում են նախրացման գործընթացին, մոռանում են բնության մեջ անվրեպ գործող բումերանգի օրենքի մասին: Մոռանում են, որ այդ հոտի մեջ նաև իրենք են ապրելու և այդ վտանգը վաղ թե ուշ, եթե ոչ իրենց, ապա իրենց սերունդներին է սպառնալու: Եթե այդ մարդիկ բանականության վերջին նշույլը չեն կորցրել, չեն կարող սա չգիտակցել, չեն կարող սա չհասկանալ: Մի շատ խորհրդանշական հեքիաթ կա` «Պույ-պույ մկնիկը»: Այսօր օլիգարխների մեծ մասը ինձ այդ պույ-պույ մկնիկին են հիշեցնում, որոնք չեն ուզում հասկանալ մի շատ պարզ բան. «կոկոսից» անվնաս դուրս գալու պարտադիր պայմանը «նիհարելն» է, «օդից բռնած» հեքիաթային հարստության մի մասից գիտակցաբար հրաժարվելն է…

Մեկ ուրիշ բաց էլ կա: Դա էլիտայի խնդիրն է: Որպես կանոն` հասարակություններին ուղղորդում են էլիտաները, մարդկանց այն խմբերը, ովքեր ունեն գաղափար, որոշակի ու հստակ պատկերացում, ովքեր գիտակցում են ընթացքի կարևորությունն ու դրան նպաստող կողմնորոշիչների առկայությունը: Մեր այսօրվա իշխանությունների գլխավոր թերությունը այսրոպեականությամբ և գաղթականի ընկալմանը պատշաճող «ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ» մտայնությամբ առաջնորդվելու մոլորությունն է: Մեզանից շատերի ներսում ապրողը գաղթականն է, որը մշտապես խանգարում է տեր զգալուն:

Կարելի՞ է ենթադրել, որ իշխանափոխությունից հետո էլ ենք մենք այդ խնդիրը ունենալու ենք:

Այո', կունենանք նույնը: Առիթից օգտվելով ուզում եմ հրապարակումների այս շարքը ողջունել, որովհետև այնտեղ քանիցս խոսվել է դիսկուրսների անհրաժեշտության մասին: Անշուշտ, դրանք կարևոր են, բայց դա ընդամենը մի սեգմենտն է այն կարևորի, որը պետք է միս ու արյուն առնի ու կյանք ճանապարհվի: Դիսկուրսին պետք է հետևի գործողությունը: Այլապես այն կդառնա ցիկլիկ և ի վերուստ` մեռելածին: Ու, ասեմ, կարևոր էլ չէ, թե հատկապես ով է «շարժելու» ճահիճը`ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, թե ՀՅԴ-ն: էականն այն է, որ գերակայող դառնա արժանապատիվ երկրում ապրելու փափագը, այն երկրում, որտեղ մարդն իսկապես արժեք է: Այսօր, ցավոք սրտի, ազգայնականության տարփողումն է ներքին խոցերը թաքցնելու չհաջողված միջոց դարձել: Եթե կշեռքի մի նժարին դրվի գազի, թանկացումների, գնալով խորացող սոցիալական ճգնաժամի հաղթահարման «ծանրաքարը» , մյուսին` պատմական Հայաստանի «տեսլականը», ապա հասարակության մի լայն շերտ` գոյատևման այս կռվում առաջնային կդիտարկի առաջինը: Տխուր է, բայց սա է դառը իրականությունը: Ինձ շատ դուր եկան ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի կողմից ներկայացված մոտեցումները, որոնք փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակներ հուշել, սոցիալ-տնտեսական լուծումներ առաջարկել: Հիմա դրանք անհրաժեշտ է դնել հանրային քննարկման: Եվ բոլորովին կարևոր չէ, թե բարիկադի որ կողմում ես գտնվում: Երկուսում էլ կան խելամիտ քայլերի առաջարկներ, որոնք պետք է հնարավորինս արագ կիրառվեն: Առաջարկված քայլերից այս պահին չօգտվելը իշխանությունների կողմից, առնվազն, կարճամտության վկայություն կլինի: Նման «շռայլություն» իրենց թույլ տալու ժամանակը նրանք վաղուց են կորցրել …

Փաստորենք , հասցրել եք հետևել «100 քայլին: Կարո՞ղ է այն կյանքի կոչվել այս իշխանությունների կողմից:

Կրկին պետք է վերադառնամ գաղթականի «կոդին»: Եթե մեր իշխանությունները գաղթական չեն, «ճամպրուկավոր» չեն, պարտավոր են հաշվի նստել բոլորի, կապ չունի` «ուլտրաաջերի», «ուլտրաձախերի», համակիրների, ոչ համակիրների հետ, որպեսզի կարողանան, չանձնավորելով շփման այդ եզրերը, գտնել վիճակից դուրս գալու ելքը: Ու սա ամենևին էլ միայն իրենց խնդիրը չէ, բոլորիս ճակատագիրն է որոշվում:

Կցանկանայի խոսել ցավոտ մի խնդրի մասին ևս: Քանի որ հայ հասարակությունը գողականացված հասարակություն է ու նույնով պայմանավորված առաջնորդվում է ուրիշ չափորոշիչներով, ավելին` ունի տարօրինակ մտածելակերպ, գերակայող է դարձել «զոն» նայողի դիրքում հայտնվելու մարմաջը: Քաղաքացիական հասարակության մեջ նման բան չկա: Զավեշտական չէ՞. Հայաստանում Էյնշտեյնին ընդօրինակողներ չկան, բայց «Որոգայթի» Հովոյին նմանակողների թիվը վաղուց է հատել կրիտիկականի սահմանագիծը: Ամենասարսափելին այն է, երբ պատճառների մեջ խորամուխ լինելու ուզած փորձ, հայ հասարակության “բլից” հատվածի կողմից ընդմիջվում է` “հերիք է փիլիսոփայես” քամահրանքով: Եվ դրա համար էլ մենք պետք է սովորենք մտածել, պատկերացնել, տեսնել, մասնակիցը դարձնել շատուշատ մարդկանց, և կունենանք միանգամայն ուրիշ հանրապետություն, որակապես ուրիշ հասարակարգ: Բայց մի բան էլ կա, որն ամենացավալին է. մեր հասարկությունն ուսյալ մարդ չի սիրում, և շարժվում է սովոր կարծրատիպերով: Ինքը գիտի, համոզված է, որ աշխարհի ամենահամով պանիրը չանախն է: Այդպես է կարծում, քանի որ առիթ չի ունեցել մոլորվելու Մասաչուսեթս նահանգի քաղաքներից մեկի պանրի մասնագիտացված խանութում, որն իր մեծությամբ` Աբովյան փողոցից սկսվում և ավարտվում է Ներքին Շենգավիթում:

Ինչպիսի՞ պետություն եք ուզում, որ կառուցենք:

Ցանկալին` նորմալ, մարդկային հասարակարգ ունենալն է, որտեղ մարդն իսկապես իրենից արժեք կներկայացնի: Իսկ այդ ամենը հարկադրում է ուժերի գերլարման հաշվին անգամ ըմբռնել չսերտած դասերը: Իսկ հաջողության հասնելու համար, մենք պետք է հրաժարվենք պատմության հանդեպ սելեկցիոն վերաբերունք դրսևորելու արատավոր սովորույթից: Մեր ցավերի ցավն այն է, որ մենք փրկվել չենք ուզում, մենք փրկիչ ենք ուզում:

2008-ին փրկիչ ուզեցինք, դրա համա՞ր չփրկվեիցինք:

Այո, և կրկին շփոթ կա: Ինչ էլ ասեն, ինչ որակումներ էլ տան, բայց փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ազնիվ էր իր շարադրանքում: Լևոն Տեր-Պետրոսյանը ունեցել է բարձր մակարդակի դասախոսություններ, ելույթներ, որոնք բովանդակային առումով պարզապես հրաշալի էին: Ուրիշ բան, որ հանրության մի մեծ մաս դեռևս հասու չէ ասվածի խորքային իմաստին ու նշանակությանը: Հանրության մի ստվար հատված էլ ծանոթ սատանային անփորձ քահանայից ավելի է գերադասում, կամ ծանոթ սատանային ուսյալ քահանայով չի փորձում փոխել:

Այնուամենայնիվ, եթե առաջիկայում ծանոթ սատանային ուսյալ քահանայով չփորձենք փոխել, հաջորդ ընտրություններին կունենանք ավելի վա՞տ իրավիճակ:

Ես կարծում եմ, որ մեզ տրված է «կրկին փորձիրի' ամենավերջին «փորձիրը»: Եթե դա էլ չստացվեց, ուղղակի պետք է հրաժարվել ընտրություն գաղափարից ընդհանրապես, պետք է միապետություն հաստատել և, օրինակ, իմ նման մարդկանց երկրից արտաքսել… Քանի որ, ասում են`անհանդուրժող եք… Իսկ ես ի՞նչը պետք է հանդուրժեմ. ժամիշխանների լրբենի պահվա՞ ծքը, տգետների կողմից իրավիճակին հաշտվելու ինձ ուղղված հորդո՞րը... Հավատացեք, քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ միայն Հայաստանում: Թեպետ Հովիկ Աբրահամյանին էլ հասկանալ կարելի է, նա իր շրջապատի համար է այդ «ճշմարտությունը» բարբառել:

Այնուամենայնիվ քաղաքականությամբ զբաղվելու համար գուցե այսօր իսկապես խելք պետք չի :

Հենց այսօր է պետք, վաղը ուշ է լինելու: Էլի եմ կրկնում, այսօր վճռվում է Հայաստանի ապագան, և մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը: Սա մի մեծ պատերազմ է, մեծ ճակատ, որտեղ ձեռքի տակ եղած ամեն ինչ պետք է ծառայի Հայաստանը քաղաքակիրթ երկիր դարձնելու համազգային նպատակին:

Բայց ձեռքի տակ գրեթե ոչինչ չի մնացել:

Մնացել է: Ով աչք ունի` թող տեսնի, ով ականջ ունի` թող լսի: Ու պետք է բարձրաձայնել ամենակարևորի մասին. եթե հանրության նախրացման գործընթացն սկսված է, ապա, գոնե հասարակության գիտակից հատվածի կողմից «առաջ քաշվող»` երաժշտական ունակություններով օժտված «հովվի» պահանջն արդարացված է…Եվ բոլորովին կապ չունի` որ թևից է «փչելու հովվի սրինգը»:

Այնուամենայնիվ, իշխանությունը թանկ ու քաղցր բան է:

Թող լինի: Բայց այն պահելու համար էլ է խելք պետք: Շատ բան սկսվում է հենց պահելու վարպետությունից, իսկ դա ժողովրդի համակրանքից զատ այլ արտահայտություն պիտի չունենա: Իշխանության լծակները բռունցքով երկար պահելն անհնարին է: Նույնը վերաբերում է նաև ազատ խոսքին, սահմանափակելու ջանքեր, ճիգեր են գործադրվում, բայց դա երկար շարունակվել չի կարող: Հետաքրքիր օրենքը ձայնում է` «Անոթը, որի միջից հանված է օդը, նույն ուժգնությամբ է պայթում, ինչ`վառոդով լցված անոթը»,… Այ, սրանից է պետք զգուշանալ…

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

 

Կնուտ Համսուն.Ժամանակակից Ամերիկայի հոգևոր կյանքը.2
aznvakan
Աշխարհում սեփական աշխարհն ստեղծելու ամերիկացիների մարմաջը

Չարանենգ հայրենասերները ձգտում են ճնշել դրսից եկող ցանկացած հոգևոր-մշակութային դրսևորում: Այսպես, օրինակ. Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններում ինչ-որ հանդգնություն նկատելով,1868 թվականին նրան արգելեցին շարունակել ծառայությունը Վաշինգտոնի դեպարտամենտում, մինչդեռ մենք, առանց վարանելու, նույնը գրում ենք մեր ամենօրյա պատմվածքներում: Հետագայում նրան ողորմածաբար թույլ տվեցին շարունակել ծառայությունը, բայց արդեն ուրիշ դեպարտամենտում: Պատճառն ամենևին էլ նրա գրական վաստակը չէր, ինչն, ի վերջո, այդպես էլ չգնահատվեց, այլ այն, որ ազատագրական պատերազմի ժամանակ խնամել է հիվանդներին և վիրավորներին, հետևաբար` իրեն դրսևորել իբրև հայրենասեր:
Սա է, և միմիայն սա` նրա ներման պատճառը: Իսկ ամերիկյան գրական դատավորները շարունակում են նրան վերաբերվել նույն քամահրանքով: Նրան բոյկոտում են, նրա գրքերը չեն վաճառվում, և յոթանասնամյա ծերունին ապրում է Անգլիայից եկող նպաստով: Ամերիկացի Ուելսը 1878 թվականին լույս ընծայեց իր բանաստեղծությունների` "Boheme" վերտառությամբ ժողովածուն. երիտասարդը չափազանց նրբակիրթ, տաղանդավոր և մեծ ապագա ունեցող քնարերգու էր, բայց նրան իսկույնևեթ ստիպեցին պապանձվել: Ամերիկացիները հասկացել էին, որ երիտասարդ բանաստեղծն ազդված է եվրոպական գրականությունից: Գիրքն իսկապես առանձնանում է ինչ-որ խորթությամբ և` ըստ էության, դա պոետական մարտահրավեր էր` նետված ամերիկյան պոեզիային: Ի վերջո` հաստափոր ամսագրերը ստիպեցին նրան պապանձվել: Նա կարդում էր Շելլի` ում չպիտի կարդար: Այնուհետև վարվեց ավելի վատ` կարդաց Ալֆրեդ դե Մյուսեի ստեղծագործությունները: Ամերիկացիները բնավ չեն հասկանում, թե ինչպես կարելի է հրատարակել հիմնավորապես օտար գրականությունից ազդված բանաստեղծի ստեղծագործությունները, և նրան պարզապես դուրս շպրտեցին ամերիկյան գրականությունից: Այդ բանաստեղծի անունն էր Չարլզ Ստյուարտ Ուելս:
Գրեթե անհնար է հավատալ, թե ուր է հասնում աշխարհում սեփական աշխարհն ստեղծելու ամերիկացիների մարմաջը: Նրանց կարծիքով, եթե երկիրն ունի բավարար բնակչություն` հոգևոր կյանքն, ուրեմն, նույնպես բավարար է, և համոզված են, որ չեն սխալվում, ըստ այդմ, բոլոր հնարավոր ձևերով ջանում են արգելել տարաշխարհիկ հոգևոր կյանքի ցանկացած արգասավոր ներհոս, չեն ցանկանում հանդուրժել դրսից եկող որևէ թարմ շունչ:
Իհարկե, այդ ամենը դժվար է տեսնել, եթե զբաղված ես զբոսաշրջությամբ: Հասկանալու համար, թե որքան խորն է ամերիկացիների ատելությունը օտարերկրացիների հանդեպ, հարկավոր է ամենօրյա շփման մեջ լինել նրանց հետ, պետք է ներկա լինել դատական նիստերին և պատարագներին, ծանոթանալ թատրոնին և գրականությանը, նրանց հասարակական, կրթական և ընտանեկան կյանքի մեջ թափանցել, պետք է կարդալ նրանց թերթերը, լսել նրանց դրսի զրույցները, գետերով նավարկել նրանց հետ, աշխատել տափաստաններում, այսինքն ոտնատակ տալ Ամերիկան, և այս ամենից հետո միայն կարող ես քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմել նրանց անհուն, անեզր, գրեթե չինական ինքնագոհության մասին: Որպեսզի նրանք խուսափեն արտասահմանյան քաղաքակրթության որևիցե ազդեցությունից, պետք է անշեղորեն հետամուտ լինեն իրենց նպատակին, քանի որ ուրիշ որևէ երկիր չի հանդիսանում կոսմոպոլիտական կենտրոն, ինչպես Ամերիկան: Ամերիկայում մինչ օրս իշխում է նույն այն հին անգլիական քաղաքակրթությունը, որ իրենց հետ բերեցին առաջին գաղութարարները, այսինքն` մաշված, քրքրված, ուրիշների կողմից օգտագործված, Եվրոպայում իր դարն ապրած և այժմ Ամերիկայում մեռնող քաղաքակրթություն:

                                             Յուրաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ

Ազատությունը, ինչպես և ամեն բան այս երկրում, խիստ անհամաչափ է և աններդաշնակ: Իսկույն երևում է, որ դա ոչ թե աստիճանական զարգացման արդյունք է, այլ ինչ-որ ժողովականների վայրկենական որոշման հետևանք:
Ամերիկյան ազատությունը տձև է, անհավասարակշիռ և անկապ: Ամերիկայում կարելի է ազատորեն մարդ սպանել փողոցում, սակայն չի կարելի դեն նետել վառվող ծխախոտը: Ամերիկյան ազատությունը ծիծաղելիորեն նեղլիկ է ու պահանջկոտ` մանրուքների նկատմամբ, և` շնորհիվ Սահմանադրության` սաստիկ ընդարձակ ու ներողամիտ կարևորագույն հարցերում: Այսպես, օրինակ, չի հասցնում վտարանդին ոտք դնել Նյու Յորք` անմիջապես ձեռքից առնում են ֆիննական դանակը, որը նա պահում է հատուկ պատյանում` գերազանցապես ծխախոտ կտրատելու համար, և միաժամանակ թույլատրում նրան թեկուզ յուրաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ կրել. թույլատրում են, որովհետև ատրճանակը ազգային զենք է:
Ամերիկյան ազատությունը հոժարակամ ընտրություն չէ, այն պարտադրված է օրենքով. թույլատրելիի սահմանները ճշգրտելու փոխարեն` Կոնգրեսն օրենքներ է մշակում և որոշում, թե ինչ չափով ենք պարտավոր ազատ լինել: Այս տնտեսահարկադրական ազատությանը հանդիպում ես ամեն քայլափոխի: Այսպես` "Վաշինգտոնի օրը" հարկադիր ազատություններից մեկն է, և բոլորն անխտիր պարտավոր են այդ օրն ազատ լինել: Գրող Ֆրեդ Նիկոլսը, 1868-ին տպագրված "Thughts" գրքում իր համակրանքն է արտահայտել միապետական հասարակարգի նկատմամբ…և իզուր: Թերթերն ու ժողովրդական հանրահավաքները, ի վերջո, ստիպեցին գրողին "հոժարակամ" մեկնել Մեքսիկա, որտեղից նա երբեք այլևս չվերադարձավ, որովհետև չէր հասկանում, որ պարտավոր է ազատ լինել: Ամերիկացիները պահանջում են, որ մարդու գլխում ազատության որոշակի քանակություն լինի, այլապես ստիպված ես լինելու մեկնել Մեքսիկա: Օտարերկրացին չի կարող Ամերիկայում իրեն ազատ չզգալ: Նրան պարզապես թելադրում են իր իսկ համակրություններն ու մտածմունքը, և նա պարտավոր է ենթարկվել, կամ` հակառակ դեպքում, սպասել անախորժությունների: Այո, նա պարտավոր է ենթարկվել ազատության կոշտ ու կոպիտ հարկադրանքներին, որ հատկապես բռնի է դառնում, քանի որ ինքնագոհ ու անկիրթ մարդկանց թելադրանքն է:
Ամերիկայում տարբերություն չի դրվում ազատության և ժողովրդավարության (դեմոկրատիա) միջև. նրանք զոհում են ազատությունը, որպեսզի պահպանեն ժողովրդավարությունը: Հնարավոր բոլոր ձևերով նրանք ստորացնում են ազատ լինելու անհատական որևէ փորձ: Ազատության զգացումն իսպառ ոչնչացնելու համար` Ամերիկան ստեղծել է ազատության ավտոմատ-մեքենաների ցնորական նախիր, ինչը և ամերիկյան ժողովրդավարությունն է: Մի խոսքով, ազատությունը հսկայական ճեղքեր ունի, հատկապես այն ոլորտներում, ուր դրսևորվում է նրանց կրոնական տխմարությունն ու ազգային մոլեռանդությունը:
Ամերիկյան ազատությունը պահանջում է ազատամտության սահմանված չափ ու քանակ` ոչ ավել, ոչ պակաս, և միջնադարյան բռնապետի պես չի հանդուրժում որևէ շեղում: Այն չափազանց պահպանողական է տեղից մի քայլ անելու համար, և ճիշտ այնպիսին է, ինչպիսին էր 200 տարի առաջ: Ժողովրդավարությունն ունի իր կուռ օրենքները: Եթե հայտնվում է մեկը, ասենք, մի գրող, որը հավատում է միապետական հասարակարգին, նրան անմիջապես վտարում են, որովհետև պակաս ազատամիտ է. եթե այդ գորշ խառնամբոխում գտնվում է մեկը, ով հավատում է, թե սոցիալիզմը (կամ անարխիզմը) ապագայում լավագույն հասարակարգը կստեղծի` նրան կախաղան են հանում, որովհետև` չափազանց ազատամիտ է: Նրանք վտարում են կամ կախաղան հանում բոլորին, ով համարձակվում է քիչ թե շատ շեղվել Գեորգ (Ջորջ) Վաշինգգոնի •աղափարներից: Ահա այսպիսին է ամերիկյան ազատությունը, դա մարդկանց ազատությունը չէ, դա ազատություն է en masse:

                                                          Եկեղեցին և բարոյախոսությունը
Ամերիկայում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել Աստծուն…
Եկեղեցիներում գունանախշ ապակիներից թափանցող հաճելի կիսալույս է: Նստարանները խորն են, փափուկ, հատակը գորգածածկ է, դռները ողորկ են, ողորկ են մարդիկ, և Աստծո խոսքերն են ողորկ: Չափազանց հաճելի զբաղմունք է անձրևոտ եղանակին ժամերգություն լսել ամերիկյան եկեղեցիներում:
Քարոզները սովորական քարոզներ չեն, այլ զուտ ամերիկյան. աստվածաբանության հետ որևէ կապ չունեցող բարոյախոսություն, մետաքսաշուք ունկնդիրներին հարմարեցված բոստոնյան բարոյախոսություն: Ըստ էության, դրանք սրամտություններով համեմված հետաքրքիր լուրեր են, ինչին հավատացյալների հոտն արձագանքում է պատշաճ ծիծաղով: Այդ քարոզները թեև ոչինչ չեն ավելացնում իմացությանը, սակայն ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ զուրկ չեն տրամաբանությունից ու մարդկային լեզվից, այսինքն` քարոզները ոչ թե խրատում, այլ զբաղեցնում են, և դա է նրանց մեծագույն արժանիքը: Անձամբ ես, գրպանումս թատրոնի հրավիրատոմս ունենալով հանդերձ, միշտ գերադասել եմ երեկոն անցկացնել եկեղեցում: Եթե թատրոնում իշխում է արվեստի լիակատար բացակայությունը, ապա եկեղեցում հաճախ կարող ես գոնե գեղեցիկ խոսք լսել:
Բացի դրանից` եկեղեցում քեզ չես ենթարկում պատահաբար սպանվելու վտանգին, ոչ էլ` ծխախոտի մնացուկներ են շպրտում գլխիդ: Եկեղեցու բոլոր այցելուները աստիճանավոր ու բարեկիրթ քաղաքացիներ են, որոնց տեսնելն իսկ բավականություն է պատճառում: Հարևանացիորեն նշեմ, որ ամերիկացիները արտասովոր գեղեցիկ ժողովուրդ են:
Ամերիկացիները, հատկապես կանայք, մոլեռանդորեն հետևում են քահանային ոչ թե բացարձակ հավատից դրդված, այլ նյութական շահի, կատաղի կրոնասիրության և երկրում տիրող սովորույթների մղումով: Յուրահատուկ երանգավորում են ստացել կրոնական զգացմունքները. մեր աստվածաբանները դա կանվանեին սովորույթի հավատք կամ, գուցե թե, այդ հասկացությունը ավելի համապատասխաներ truism` ժառանգական հավատք հասկացությանը:
Նրանք հավատում են, որովհետև հավատացել են նախնիները, որովհետև հավատը բազում սերունդների միս ու արյան մեջ է մտել, և դա ոչ թե բացարձակ (absolutus), այլ փաստացի հավատք է: Ամերիկացիները եկեղեցի են գնում ինչպես կգնային ինչ-որ հրապարակային դասախոսության: Հարմար տեղ են գտնում և խորն ու փափուկ բազկաթոռների մեջ ընկղմված մի ամբողջ ժամ ուշի ուշով լսում, թե ինչպես է քահանան ջանք թափում իրենց հոգու փրկության համար: Ոչ արցունք է երևում, ոչ հույս, ինչը հաճախ կտեսնես ճշմարիտ հավատացյալի մոտ, բայց, մյուս կողմից, չես ասի, թե անտարբեր են. ամեն ինչ, հավանաբար, ընկալվում է լրջորեն:
Սա զղջման ու զվարթ օրհներգի արանքում ընկած ինչ-որ բան է:
Որոշ ժամանակ Ամերիկայում ապրելուց հետո հասկանում ես, որ նրանք Տեր Աստծուն սիրում են մոտավորապես նույնքան, որքան որ Վաշինգտոնին, ընդ որում, պահանջվում է, որ Տերն այդքանով գոհանա: Ամերիկյան քահանաների զորությունը, հավանաբար չկարողացավ համայնքի անդամների բարոյական աճն ապահովել. ամերիկյան բարոյախոսության էությունը փողն է: Մենք սովոր ենք գեղեցիկ բառեր շռայլել Ամերիկայում տիրող կրոնական ազատության մասին: Բայց իրականում այդ ազատությունը բոլորովին էլ մեծ չէ, ինչպես սովորաբար կարծում ենք: Այս` ինչպես և մնացած բոլոր հարցերում որոշիչ դեր ունի միայն փողը: Եթե մարդը հարուստ է, ապա կարող է իր դրամները վատնել ձիարշավներում կամ մի ուրիշ տեղ և հոգ չտանել քահանայի մասին, և որևէ մեկը նրան չի մեղադրի: Աղքատ մեկը, սակայն, իրավունք չունի հանապազօր հացի մասին ավելի շատ մտածել, քան կմտածի քահանայի մասին: Հակառակ դեպքում չափազանց անբարյացկամ վերաբերմունքի կարժանանա: Փողն է, և ուրիշ ոչինչ, ամերիկյան բարոյախոսության էությունը:
Ես ուզում եմ երկու օրինակ բերել: Ամերիկայում ապրում է Բեննեթ անունով մի մարդ, "the Truth seeker"- ի ("Ճշմարտություն որոնողի") նախկին խմբագիրը, որ բազում փոքր ու մեծ գրքերի հեղինակ է: Իր "Դավանաբանական համեմատական ուսումնասիրությունների" հրապարակումից հետո նրան անմիջապես բանտարկեցին: Նրան բանտարկեցին ազատամտության համար: Ինչո՞ւ նա բանտարկվեց ազատամտության համար. ահա թե ինչու` իր աշխատություններում Բեննեթը ծանրակշիռ խոսք էր ասել ժողովրդի տգիտությունը չարաշահող ամերիկյան քահանայության մասին, իսկ այդ մասին խոսելու համար նա բավականաչափ միջոցներ չուներ: Այսինքն` նա արեց ավելին, քան թույլ կտար ունեցած փողը: Երկրորդը, Բէր Ջոնսոնը, խելահեղ միամտություն ունեցավ նկատելու, որ կան բազմակնության կողմնակից մարդիկ, և գիրք գրեց ազատ սիրո մասին: Ավելի ճիշտ, լինելով բացառապես տեսաբան, պաշտպանեց անկաշկանդ սիրո գաղափարը: Եվ ի՞նչ… Բէր Ջոնսոնին ևս բանտարկեցին. իսկ ինչո՞ւ` որովհետև պարզվեց, որ նա էլ չափազանց աղքատ էր, այսինքն` միջոցներ չուներ, որպեսզի կարողանար թույլ տալ իրեն ազատամիտ լինելու շռայլությունը: Ահա թե ինչու:
Հոգևոր տհասությունը ազգային բնավորություն որդեգրելով` ամերիկացիներն, ի վերջո, կարողացան կյանքը դարձնել թունոտ:


                                                                      Վերջաբան

Երկինքը սև է…
Ժողովուրդը` հայրենասիրացված, օտարերկրացիների հանդեպ ատելությամբ լի, զուրկ ազգային մշակույթից ու գրականությունից, և երբեք հոգևոր պահանջներ չունեցող:
Մեր գրողներն ու հրապարակախոսները, երբ պարապ դատողություններ են անում դատողության շուրջ, փորձելով բացատրել, թե որն է իսկական ազատությունը, մատնանշում են Ամերիկան, իբր տեսեք, թե որտեղ է ազատությունը:
Ամերիկյան ոգին թափանցում է յուրաքանչյուրի գիտակցության մեջ նամակների ու գովազդների, թերթերի ու թափառաշրջիկ ճարտարախոսների շնորհիվ: Խոնարհ ու հնազանդ` մենք սկսում ենք մտածել, թե "Այո, Ամերիկան մեծագույն երկիր է". մեզ համոզում են երկրի ահռելի չափերը: Մեծ չափերն ընդհանրապես լիովին բավարարում են ամերիկացուն: Ծայրահեղ դեպքում, երբ ինչ-որ բանի չափերը մեծ չեն, նա գոհանում է գնով: Վաշինգտոնի արձանն, օրինակ, որ ամերիկացիների հպարտությունն է, աչքի է ընկնում միմիայն իր անծայրածիր բարձրությամբ. պատվանդանն ունի 555 ֆուտ երկարություն, իսկ կատարին, ինչպես իրենք են պնդում, կանգնած է Վաշինգտոնը. միանգամայն հնարավոր է, որ Վաշինգտոնին կանգնեցրել են վերևում և` հավանաբար, այդպես էլ կա, բայց ներքևից նայողն իսպառ զուրկ է արվեստի այդ թաքնախորհուրդ ստեղծագործությունը տեսնելու որևէ հնարավորությունից: Ամերիկացիների հսկայամոլության խորհրդանիշը Նյու Յորքի Metropolitan Opera Hous-ն է: Շենքի ճարտարապետը հատուկ ուղևորվել է Եվրոպա, ամիսներ շարունակ ապրել Փարիզում, Հռոմում, Վիեննայում, անգամ` Մոսկվայում, ապա վերադարձել ետ և կառուցել հրեշավոր չափերի հասնող մի շինություն, որն անկասկած "աշխարհի ամենամեծ թատրոնն է", թերևս, սակայն, ոչ մեծագույն: Չիկագո ժամանած օտարերկրացին անմիջապես աֆիշներից է տեղեկանում, որ Madison sguare theater-ի վարագույրը "աշխարհի ամենաթանկարժեք վարագույրն է": Նրա երևակայության մեջ անմիջապես այդ անհեթեթությունն այնպես է տպավորվում, որ նա, ի վերջո, գնում է Madison sguare theater, քաջ գիտակցելով, որ գնում է "աշխարհի ամենաթանկարժեք վարագույրը" տեսնելու: Ինչ խոսք, Ամերիկան մեծագույն երկիր է…
Իր քաղաքականությամբ, գրականությամբ, քաղաքակրթությամբ, իր արվեստով, իր էությամբ, իր քաղաքներով ու գյուղերով Ամերիկան փշրում է ամեն տեսակ հիացում ու պատրանք: Ես շատ թե քիչ, բայց բավականին ճանաչում եմ քաղաքակիրթ աշխարհի բոլոր պետությունները, և չեմ պատկերացնում մի ուրիշ երկիր, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ չցանկանայի ապրել, ինչպես չեմ ցանկանում ապրել Ամերիկայում: Ուրիշ ոչ մի տեղ կյանքը չի կարող լինել ավելի խղճուկ, անմաքուր ու տհաճ: Ամերիկան հպարտանում է իր ազատությամբ ու հավասարությամբ, չտեսնելով, սակայն, որ աշխարհում չի գտնվի ուրիշ որևէ երկիր, որտեղ այդպես պարբերաբար անարգվեն անհատի իրավունքները:
Ամերիկացու միակ և ճշմարիտ կենսական խնդիրը անծայրածիր տափաստանների հայրենասեր քաղաքացի լինելն է: Մարդն Ամերիկայում կարող է մարդ համարվել միմիայն այն դեպքում, եթե ամերիկացի է: Ահա թե ինչու այդ վիթխարի երկրում ոչ մի գնով չես գտնի կարծիքավոր և լույս փնտրող գեթ մի ապստամբ հոգի, որը կարողանար չձայնակցել, գիտակցաբար չփչացնել անագե շեփորների հնչեցրած սրտաճմլիկ մեղեդին: Բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ` ինքնահիացական բացականչությունների ներքո:
… Եվ ո՞վ է ասելու նրանց, որ երկինքը սև է…



ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ.Ժամանակակից Ամերիկայի հոգևոր կյանքը.1
aznvakan
(Կնուտ Համսունի ուղիղ մեկ դար առաջ կարդացած դասախոսությունից)

Մի խցկվիր այնտեղ
Հազիվ է հասցնում հոգնատանջ ճանապարհորդը ոտք դնել Ամերիկա` տեղնուտեղը զգում է իրեն ուշքը կորցրած` զարհուրելի աղմուկից ու անդադրում վազվզուքից: Նա ապուշ կտրած նայում է, թե որչափ արագ է սլանում փողոցային կառքը. հավերժ անհանգիստ փութկոտությունն անմիջապես տիրում է նրան: Եթե նա Նյու Յորք գար ամռանը` պակաս չէր լինելու զարմանքը, երբ տեսներ անխռով զբոսնող տղամարդկանց` առանց վերնաշոր, առանց սերթուկ ու առանց բաճկոն, մետաքսե շրջազգեստ հագած իրենց պերճաշուք տիկնանց թևանցուկ: Դա ամիջապես ինչ-որ խորթ ու ազատ բանի տպավորություն է թողնում:
Kardal...Collapse )

«Գաղտնավանկ» շարքից. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի...»
aznvakan
 
Ամառվա տապից լեզուն դուրս գցած մարմնեղ գետաձին լճակը տեսնելուն պես ուրախությունից տրճինկ տվեց ու «հիշաչար»  արևի շարունակական հալածանքներից վերջապես ազատագրվածի պես չլմփաց ջրի մեջ: Ու քիչ հետո միայն պիտի ներկայանար սահմռկեցուցիչ տեսարանը՝ նրա կողմից հրահրված ավերիչ մակընթացության ուղղակի հետևանքը: Բնականաբար, ինչպես որ կարգն է, մակընթացությանը պիտի որ տեղատվությունը հաջորդեր: Այդպես էլ եղավ, ու հենց այդ ժամանակ էլ սկսվեց ամենազարհուրելին:
- Տո ա՜յ անաստվա՛ծ, տո ա՛յ հաստագավակ, - ձայնը գլուխը գցած՝ բղավում էին ցամաքած լճի ափերին թպրտացող ձկները,- տո անամո՛թ լխպոր, տո ա՛յ հաստագլուխ, ամբողջ ջուրը պարարտ մարմինդ դատարկեց, բա հիմա մենք ի՞նչ ենք անելու, հը՞, ա՛յ ապիկար, ախր մենք հիմա կկործանվենք:
Գետաձին, որը բարձրաշխարհիկ կրթություն էր ստացել ու բարեկիրթ ընտանիքում մեծացել, ամաչեց: Նա փորձեց ծածուկ՝ գոնե լճից դուրս գալու գնով, շտկել ստեղծված անհարմար իրավիճակը: Գետաձիու այդ նախաձեռնությունից հետո մնացած ջուրը, ենթադրաբար հետ քաշվելով, հազիվ ծածկեց լճի հատակը:
- Մարդասպա՛ն, սադի՛ստ, քողարկված ֆաշի՛ստ, մթամ չգիտես, որ մենք առանց ջրի կյանք չունենք, էդ ո՞ւր ես դուրս գալիս, հը՞, հապա շուտ ե՛տ վերադարձիր:Հասարակական պարսավանքից գլուխը կորցրած գետաձին նորից հետ սողաց ու հայտնվեց լճի ուղիղ կենտրոնում: Ջրի մակարդակը նորից բարձրացավ, ու շրջապատում ամեն ինչ վերստին խաղաղվեց: Բնական արհավիրքի վախը համտեսած ձկներն անցան իրենց բնականոն կյանքին: Նրանք առտնին հոգսերը հոգալու նպատակով ներս ու դուրս էին անում ջրի մեջ «լռված» գետաձիու ոտների արանքով:Առ այսօր էլ ականջները ջրում խրված՝ գետաձին կանգնած է ջրում: Ա՛յ թե ինչ ասել է լավ դաստիարակված կենդանի: Մինչ շուրջը եռում է կյանքը, նա՝ ամոթի գերին, մինչև ականջների ծայրը էլի խրված է ջրում:
Ասում են, թե աշխարհը պահում են երեք կետերը:
Բայց ինչքան էլ ասեն, մեկ է, չեմ հավատում, որ նրանցից գոնե մեկը այդ ամոթխած գետաձին չլինի...

Թարգմանությունը՝ Արթուր Ազարյանի

ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ... ՈՐՊԵՍ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ
aznvakan

Անկախ վիճակագիրների դիտարկմամբ, այս օրերին Հայաստանում փնտրվող ամենասուղ ապրանքը (թեկուզ և երկրորդ թարմության) «կիսախամ» ականջն է, իսկ հրամցվող ամենամոդայիկ ու «հարգի» ուտեստը` նույն այդ ականջների համար նախատեսված «լապշան» («արիշտա» չօգտագործելու համար հայցում եմ լեզվի անաղարտության կողմնակիցների ներողամտությունը: Այո, հենց «լապշա»)...
Վիճակագիրների հավաստմամբ, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես այսօրինակ «զուգսեղենի» կիրառման և բազմահունար «վարպետների» կողմից անցկացվող հեռուստատեսային «մաստեր-կլաս»-երի բում է արձանագրվում քառամյակը մեկ, էլ ավելի ստույգ` խորհրդարանական ընտրությունների շեմին: Ու, պատկերացրեք, ամենևին էլ ոչ անարդյունք (հնգամյա ընդմիջումից հետո կայանալիք հաջորդ ընտրությունների մասնակիցներին ժառանգելիք մեթոդաբանական հնարքների բազմազանության դիտանկյունից):
 

Հատկանշական մի դրսևորման մասին ևս. ազգափրկիչների պակաս, հատկապես այս փուլում, չի նկատվում: «Մեսիաների» կողմից ներկայացվող միայն կարգախոսներն արդեն` ամեն ինչ արժեն: Եթե փորձենք համադրել, ապա դրանց մոտավոր սիմբիոզը այսպիսի ձևակերպում կունենա` «Քեզ համար` բարգավաճ ու համերաշխ, արդար ուժեղների և պաշտպանված թույլերի, հին ու անդավաճան ընկերների բազկին ու մտքին ապավինող Հայաստանս»: Ասվածի հավաստիության մեջ համոզվելու համար առաջարկում ենք դուրս գալ «տելեվոյաժի»: Դրա համար անհրաժեշտ է միայն, որպեսզի հեռուստավահանակը որոշակի պարբերականությամբ կանգ առնի Հանրային հեռուստատեսության` «Քաղաքական գովազդ» կայարանում: Հենց այստեղ ես գլխի ընկնում, թե ինչն էր պակասում հասարակ հեռուստադիտողին` լիակատար երջանկության համար: Եթե չկռահեցիք, հուշենք` հնարավորինս պաթետիկ հնչերանգներ պարունակող «սրտառուչ ու հոգեցունց» խոսքը...Նաև խոստումը, որի իսկության մեջ հավաստիանալու «զահլա» դժվար թե շարքային ընտրողները առաջիկա հինգ տարիներին ունենան... Եվ այսպես` առաջ, ստուգողն ով է...
Մեծարգո բարոն Մյունհաուզեն, ի դեմս խորհրդարանական ընտրապայքարի դուրս ելած հայ թեկնածուների, ասպարեզում հայտնվել են ձեզ ոչնչով չզիջող ու ձեր հացը ձեր ձեռքից թռցնել փորձող հետևորդներ: Ձեր` հիդրոպոնիկայի ոլորտին առնչվող` բալի կորիզով զարկված եղջերուի եղջյուրներին աճած բալենուն, ինչո՞վ է ասենք զիջում` Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության առաջնորդի` ստվերի դեմ պայքարի հաշվին կենսաթոշակները եռապատկելու մասին «տեսլականը» (ի դեպ, նախընտրական փուլում որպես «Ջոկկեր» օգտագործվող այս հաշվարկի հեղինակային իրավունքի վիճարկման պրոցեսը նոր թափ է առել ): Կամ ասենք, ինչով է Ձեր նկարագրած օդով ճանապարհորդող տապակած բադերի պատմությանը զիջում` Տավուշի մարզի բնակչությանը դիմած հայտնի օլիգարխի` «Դուք միայն 50+1 ցուցանիշ ապահովեք» ու կտեսնեք, թե Կլոնդայկը որն է խոստումը: Անկեղծ ասած, հարկ չկա հասկանաք նաև, թե արշավի ելած թեկնածուները ինչպես են կյանքի կոչելու վաղկոլչակյան տարիքի, տարիներով պարապուրդի մատնված արտադրամասերը վերագործարկելու, արտագաղթը կանխելու մասին խոստումները, հարկային դաշտ բերելու մարդկանց` ում շեմին անգամ օձն իր պորտով, հավքն իր թևքով հայտնվել չեն հանդգնում... Հոգ չէ, որ չնայած ձեր անսահման երևակայությանը, Դուք էլ մեր պես դրանց լուրջ չեք վերաբերում: Հո իրենք են հավատում իրենց` չգիտես ինչու մինչ այսօր բոլորից խնամքով քողարկած պահուստային կարողություններին: Բանն
այն է , սակայն, որ մեծամասնական և համամասնական ընտրակարգով առաջադրված գրեթե բոլոր թեկնածուները վստահեցնում են, որ երկիրը փոսից հանելու իրենց «նոու հաու»-ների կենսունակության վերաբերյալ ուզած տիպի կասկած պատրաստ են փարատել մանդատն ստանալուց և կառավարման ղեկն ստանձնելուց հետո միայն: Չէ, գնա ու փոսից դուրս գալու միջոցներ ինքդ ման արի… Իմիջիայլոց, ժամանակը չէ արդյոք, որ սկսի գործել ՀՀ Քր. Օր.-ի` «իմանալ` չհայտնելու» հոդվածը... Թե չէ ծանրագույն իրավիճակում հայտնված մերձավորին (այս դեպքում` սեփական ժողովրդին) չընտրվելու դեպքում անգամ նույն վիճակում թողնելը, խոստովանենք, խոզություն է...

Վերականգնվում է երբեմնի ռոմանտիկան` արևելյանը...

Առաջին հայացքից`մանրուք թվացող մի տարբերությամբ միայն: Ի հեճուկս արևելյան կառավարիչների, «Ժամանակը ոսկի է» ճշմարտության «խորքային իմաստին» քաջածանոթ պատգամավորության հայ թեկնածուները խնդիր չունեն ընկնել զանազան թիթիզությունների ետևից: Դերվիշների (քիչ էր մնում գզիր ասեի ) նման դռնեդուռ ընկած նրանք փորձում են անխտիր բոլորի «սրտից ջուր խմել»: «Ազգային Միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն,օրինակ, Բերդում կայացած հանդիպման ժամանակ չզլացավ, ու Աշոտ քեռու համար շարադրեց երկնիշ տնտեսական աճի միֆականության ու բուտաֆորիկ էության վերաբերյալ ունեցած իր տեսակետը: Թե որքանով դա հաջողվեց Արտաշես Մամիկոնիչին, ցույց կտա ապագան, իսկ որ ավելի ճիշտ է` Աշոտ քեռու կողմից տրվելիք ընտրաքվեն...
 

Առանձին խոսակցության նյութ է «տելեդերվիշ» Տիգրան Կարապետիչի հայտնությունը Արմավիրի մարզի հանրությանը: Գովազդային հոլովակում տեղադրված բրիտանական «արտադրության» թագի` Տիգրան Կարապետիչի «աստվածային» ծագման հավելյալ վկայության մոգական ազդեցությունը նրա երկրպագուների վրա ակնառու է: Նրա շփումներն իր էլեկտորատի ներկայացուցիչների հետ, շատ են հիշեցնում Հովհաննես Այվազովսկու` «Նոյն իջնում է Արարատից» կտավը: Իսկ ներկայացվող տեսահոլովակի պատրաստման ճաշակի և մատուցման մասին չարժե էլ խոսել, ասենք` Կարապետիչին էլ դա առանձնապես թերևս չհուզի, քանի որ նա հստակ գիտի, թե` ումով և ինչպես անել… Ինչպես ընդունված է ասել` գործը վարում են գիտակները… Եթե գործը գիտակներն են վարում, ապա` ի դեմս Հայաստանի երիտասարդական կուսակցության և ՄԻԱԿ-ի` մարտի են գնում ոչ միայն ծերերը: Հենց նրանք են օրախնդիր դարձած սերնդափոխության ջահակիրները: Եթե քաղաքական գովազդի ընձեռած հնարավորությունից ՀԵԿ-ը օգտվում է յուրովի` իր անդամների կողմից ներկայացվող պոստուլատների միջոցով, ապա ՄԻԱԿ-ի պարագայում ամեն ինչ «դրամատիկ», եթե չասենք`դաժան դրսևորումներ ունի: Հնդկական ֆիլմերի հանգույն նկարահանված հոլովակում, ՄԻԱԿ հավաքական հերոս Արթուրը` գերազանցում է բոլոր սպասելիքները: Հայտնի պատմության հերոսի նման (երևի հիշեցիք` աղջիկը սիրում է տղային,տղան` հայրենիքը), հաստատակամ երիտասարդը հանուն ՄԻԱԿ-ի լուսավոր ապագայի պատրաստ է ապահարզանի, որի դեմ անզոր են անգամ նրա սիրած աղջկա քաղցրածոր ժպիտն ու Հիմենեյի շղթաները: Այնպես որ` հնդկական պատմությունների վերածնունդն ու նախընտրական կրքերի բախումը Հայաստանում շարունակվում է:

Արթուր Ազարյան
www. E-channel   -  2007-05-06




Քարերի ու մարդկանց մասին
aznvakan
Ժուկով-ժամանակով մի  ,,գիժ,, քարը գցեց ձորը: Հազար խելոք չկարողացան հանել այն:
Այդ դարդից էլ ծնվեց Սիզիփոսը…
Թեև ջանասեր էր վերջինս, բայց ամուլ էր և նրա ջանքը, ու` էն գլխից ձախողված… Երբ փորձեցին այդ մասին բարձրաձայն խոսել` ասողների վրա քարեր նետեցին ու էլ մարգարե չմնաց այդ հայրենիքում:
Նրանք էլ օտար երկրներ քոչեցին, օտար բանակներ զորացրին, օտարներին փառք բերեցին, իսկ մեզ մնացին նրանց փառքի` ձեռքից ձեռք անցնող  տպագիր  ,,ցուցակ-հավաստագրերը,, միայն, որտեղ` անգամ անհայտ զինվորն էր հայ…
Հարկավ, ասողին`լսող է պետք:
Ուղիղ չհասկացվեց նախնյաց` ,, Ծանեա զքեզ,, պատվիրանը նաև: Քննեցին ուրիշներին և ոչ երբեք իրենց :
Այդ անհիշելի ժամանակներում էր,որ Նա ասաց .
,, Արդարը թող քար նետի… ,, :
Այդ օրվանից էլ Հայաստանը դարձավ քարաստան…

Արթուր Ազարյան

ՎԻԿՏՈՐ ԿԼՅՈՒԵՎ.Գերժամանակակից հեքիաթ
aznvakan
       Վաղ առավոտյան` աշխատանքի գնալուց առաջ, ծնողները մորեխիկին բերեցին մարգագետին ու ասացին. ,,Կխաղաս այստեղ` մինչ վերադառնանք,, : Նրանց գնալուց անմիջապես հետո մորեխիկը սկսեց առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտել: Քիչ անց, փոքրիկ գորտի ծնողները նրան բերեցին մարգագետին: ,,Լսո՞ւմ ես, այստեղից ոչ մի տեղ չգնաս, հենց այստեղ էլ կխաղաս,,:
- Լավ,- ասաց փոքրիկ գորտը, ով տեսնելով առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտող մորեխիկին, հավեսի ընկավ ու ինքն էլ սկսեց նույնն անել:
Հետո հայր ու մայր արագիլները բերեցին իրենց ձագուկին, հորդորելով` ,,Լաց մի լինիր, դու էլ խաղա այստեղ, իսկ մենք կաշխատենք շատ շուտ վերադառնալ,,: Փոքրիկ արագիլը, տեսնելով առվի վրայով մի կողմից մյուսը ցատկող մորեխիկին ու գորտին, դադարեց հեկեկալ ու նույնն անելու անզուսպ ցանկություն ունեցավ: Առուն, սակայն, չափազանց նեղ էր նրա համար:
- Ոչինչ,- մտածեց նա, -ես էլ կքայլեմ առվի մի կողմից դեպի մյուսը:
Այսպես երեքով նրանք երկար ժամանակ խաղում էին: Ու մեկ էլ, խախտելով լռությունը, մորեխիկը դիմեց գորտին.
- Կդառնա՞ս իմ ընկերը, ընդմիշտ` մինչեւ կյանքիս վերջ:
- Կդառնամ, -վստահ պատասխանեց գորտը:
- Ես էլ,- արձագանքեց արագիլը: Եվ նրանք ընկերներ դարձան: Փաթաթվեցին, համբուրվեցին ու խոստացան` էլ երբեք իրարից չբաժանվել:
Մորեխիկն ու գորտը նորից սկսեցին թռչկոտել առվի վրայով, իսկ արագիլը անցավ իր ,,գործին,,: Քիչ անց, նա կանգ առավ եւ մի ոտքը ծալելով (նա մտածելիս միշտ այդպես էր կանգնում) ընկավ մտքերի գիրկը: Հետո, փոքր-ինչ ուշքի գալով, նա դիմեց ընկերներին.
- Ինձ թվում է, որ մենք մի շատ կարեւոր բան մոռացել ենք...Հա, հազիվ մտաբերեցի, մենք մոռացել ենք իրար հետ ծանոթանալ:
- Ասենք թե ծանոթացաք, հետո՞, - ծիծաղը հազիվ զսպելով ասաց ծառերի վրայից բարեկամների զրույցին ուշադիր հետեւող պառավ ագռավը:
Ընկերները զարմացած վեր նայեցին, ապա, փոքր-ինչ վարանումից հետո, սկսեցին հերթով իրար ներկայանալ:
- Ես` գորտն եմ:
- Իսկ ես` մորեխիկը:
- Ես էլ` արագիլն եմ:
Read more...Collapse )

Թարգմանությունը` Արթուր Ազարյանի
www.Humor.am

?

Log in